ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ընտրովի սեռից մինչև նոր տիպի անձնագրեր

Ընտրովի սեռից մինչև  նոր տիպի անձնագրեր
11.10.2013 | 11:57

«Մայիսի 20-ին Ազգային ժողովն ընդունել է գենդերի մասին օրենքը, որի հատկապես 3-րդ հոդվածով պայմանավորված էր միասեռականների ամուսնության օրինականացումը: Քանի որ բողոքներ եղան, որոշակի փոփոխություն մտցրին օրենքում, 3-րդ հոդվածը հանեցին, որոշ տեղերում գրեցին սեռ, որոշ տեղերում՝ կին և տղամարդ, նաև մեծ քանակությամբ գործածվեց գենդեր բառը»,- այս մասին «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ, նշելով, որ գենդերը եզրույթ է, որ նշանակում է ձեռքբերովի սեռ, այսինքն, անձի ընտրած սեռը կարող է չհամընկնել ֆիզիոլոգիական սեռին: Ըստ նրա` սա պղծություն է, օրինականացնում է միասեռականությունը և, փաստորեն, ունի շարունակություն. նախատեսվում էր նաև հատուկ օրենք գենդերի մասին, որով միասեռականներին թույլատրվում էր ամուսնանալ, երեխա որդեգրել և այլն:
Խաչիկ Ստամբոլցյանի տեղեկացմամբ` հոկտեմբերի 16-ին, ժամը 11-ին «Ծնողական կոմիտեն» և մի շարք այլ հասարակական կազմակերպություններ երթ են կազմակերպելու Թամանյանի արձանի մոտից դեպի կառավարություն: Երթի մասնակիցները իրենց բողոք-նամակն են հանձնելու կառավարությանը:
«Բողոք-նամակի մեջ երկու նյութ ենք շոշափում: Առաջինը, որ գենդերի մասին օրենքը ճանաչվի հակասահմանադրական և ընդհանրապես հանվի, եթե ոչ, գոնե բոլոր կետերում «գենդերը» փոխարինվի «սեռ» բառով»,- ասաց պարոն Ստամբոլցյանը և նշեց, որ Հայաստանը հինգ միջազգային պայմանագիր է ստորագրել գենդերի վերաբերյալ, եթե տեքստի մեջ մի տեղ թեկուզ «գենդեր» բառ մնա, միջազգային օրենքով մեզ կպարտադրեն այս օրենքը հասկանալ որպես ձեռքբերովի սեռի մարդկանց հավասարության մասին օրենք:
Բողոք-նամակը նաև այլ հարց է շոշափում, զրուցակցիս բնորոշմամբ` նույն աղբյուրից բխող: Խոսքը նույնականության քարտ ասվածի մասին է: Մարդու իրավունքները ոտնահարող այս որոգայթից մեծ պայքարի գնով հաջողվել էր խուսափել, մեր քաղաքացիները նույնականացման քարտը և նոր տիպի կենսաչափական անձնագիրը օրենքի համաձայն կարող էին ստանալ կամավոր:
Բայց պարոն Ստամբոլցյանի տեղեկացմամբ` 2014-ի հունվարի 1-ից բոլորը ստանալու են նույնականացման քարտ: «Հինգշաբթի օրը այդ օրենքի նախագիծը դրվեց կառավարության նիստում, այնտեղից էլ «տաք-տաք» տեղափոխեցին Ազգային ժողով, վերջին պահին ընթերցեցին, որպես առաջին ընթերցում, և ինչն է տարօրինակ. ոչ մի պատգամավոր գոնե չհարցրեց` ի՞նչն է պատճառը, որ պարտադիր է դարձել,- ասաց նա:- Գենդերի մասին օրենքի դեպքում ասում էին՝ իմաստը չենք հասկացել «գենդեր» բառի, նույնականացման քարտի դեմ հինգ տարի պայքարել է ժողովուրդը: Դա՞ էլ չգիտեին»:
Նույնականացման քարտը չեն ընդունել Գերմանիան, Անգլիան, Իռլանդիան, Հունաստանը, Չինաստանը, իսլամական ողջ աշխարհը, Ճապոնիան կտրականապես արգելել է, որ իր երկրում խոսվի դրա մասին: «Դուրս է գալիս, որ քրիստոնյա աշխարհի դեմ սարքվող այս որոգայթները փորձարկում են Հայաստանի վրա»,- ասաց Ստամբոլցյանը` կոչ անելով մեր քաղաքացիներին միանալու երթին` իրենց ներկայությամբ ցույց տալով, որ ազգը դեմ է այդ անբարոյականությանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1240

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ